Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կիսելյովը, Նժդեհն ու ՀՀԿ-ի հայրենասիրության սահմանները

Կիսելյովը, Նժդեհն ու ՀՀԿ-ի հայրենասիրության սահմանները
12.06.2014 | 16:13

1993-ի ամռանը Սուխումում էի: Գնացել էի վրաց-աբխազական պատերազմը լուսաբանելու: Միջազգային Կարմիր խաչի գրասենյակում խնդրեցին, որ եվրոպացի լրագրողներն ընկերակցեն ինձ, քանի որ ռուսերեն չէին հասկանում: Նաև մի թուղթ տվեցին և ուղարկեցին առողջարանային պանսիոնատները` գիշերելու տեղ ստանալու համար: Երկար որոնումներից հետո գտանք այդ կառույցները համակարգողի գրասենյակը ու մի կնոջ, ով սովոր էր հրամաններ կատարելու, բայց իրավունք չուներ ինքնուրույն որոշում կայացնելու` անգամ եթե այդ որոշումը օրենքի սահմաններում է: Մի ժամի չափ համոզում էի, որ մեզ սենյակներ տրամադրի, քանի որ հոգնած ենք, հանգստանալ ենք ուզում, իսկ տնօրենին չենք գտնում: Տիկինն ի վերջո ասաց. «Поймите меня правильно, я маленький человек»: «Маленький человек» ասվածը մեր հնգօրյա սուխումյան դեգերումների ամենատխուր հումորն էր:
Հիմա` այսօր ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասել է, թե չէին կարող հակադարձել Դմիտրի Կիսելյովին: Պատգամավորը նաև ասել է, թե Ռուսաստանը մեծ երկիր է, Հայաստանը`փոքր: Առնվազն տարօրինակ պետք է նկատել այն, որ Կարինե Աճեմյանը, ով իշխանությանը ընդդիմության քննադատություններից պաշտպանելիս կարող է առանձնակի ջերմեռանդություն ցուցաբերել, նույն իշխանությանը քննադատող այլ երկրի միջին կարգի ներկայացուցչի առաջ խեղճացել է: Փաստորեն, անկախ Հայաստանի` նժդեհյան արժեքների ջատագով իշխանության մեջ խորհրդային հոգեբանությամբ մարդիկ կան, որոնց դեռևս չի լքել նույն` «маленький человек»-ի հոգեբանությունը: Իսկ Նժդեհը, ի դեպ, հայրենասիրության իր ձևակերպումն ուներ. «Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդների թշնամի լինել: Դա նշանակում է, որ օտարները կարող են մեր թշնամին դառնալ: Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով և հարգված»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ